ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին, նշեց.
«Այս պահի դրությամբ ակնհայտ և պարզ չէ` ի վերջո Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության համաձայնագիր կնքել ՀՀ-ի հետ. դրանք համաձայնեցված են բանակցությունների ընթացքում: Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ վերահաստատում է իր հավատարմությունը այդ երեք սկզբունքներին. անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը պարզաբանել»:
Փաշինյանը նշեց` առաջիկայում այդպիսի քննարկում, գոնե քարտեզների և սահմանների մասով, նախատեսված է. նոյեմբերի 30-ին կլինի նման քննարկում սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների ձևաչափով:
«Այդ քննարկումներից և, եթե այլ բանակցություններ լինեն, հետևություններ կանենք` արդյոք պատրա՞ստ է Ադրբեջանն այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ հրաժարվում է: Փաստն այս է, որ մինչ այս պահը վստահություն չունենք, չնայած հայտարարել է, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց պետք է կոնկրետացնել` ի՞նչ նկատի ունի դա ասելով: Այս պարզաբանումը առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է»,- նշեց վարչապետը: