Թեղուտի հանքավայրը գործում է, բայց այնտեղ շատ լուրջ պրոբլեմներ կան: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թեղուտի ունեցած վարկային ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, և այդ վարկային ծանրաբեռնվածությունը տեղի է ունեցել 2018-ից առաջ: Վարկատու կազմակերպությունը նաև մեր միջամտության և աջակցության և մեր աշխատանքի արդյունքում ստանձնեց Թեղուտի հանքավայրի կառավարումը, բայց այնուհետև այդ կազմակերպությունը հայտնվեց սանկցիաների տակ, և հիմա նաև որոշակի դժվարություններ կան: Թեղուտի հանքավայրի հանքանյութը այդ սանկցիաների պատճառով վաճառվում է ինքնարժեքից ցածր, և ՀՀ-ի այն ակնկալվող շահույթները այնքան չեն, ինչքան պետք է լիներ, և սրանից տնտեսական առողջացման պրոցեսն էականորեն դանդաղում է. այստեղ էլ որոշակի լուծումներ ուզում ենք գտնել»,- ասաց նա:
«Վերջին տարիներին շուրջ 75 հանքերի ընդերքօգտագործման լիցենզիաները դադարեցվել են: Եթե հանք կա, բայց չի շահագործվում, տնտեսությունը չի ստանում օգուտներ, և հանքի լքված վիճակը էկոլոգիական պրոբլեմներ է առաջացնում, մեր մտադրությունն այն է, որ այդ հանքերը վերցնենք նրանցից, ովքեր չեն շահագործում և հանձնենք նրանց, ովքեր կարող են ժամանակակից պայմաններին համապատասխան դրանք շահագործել»,- նշեց վարչապետը:
«Խոստովանում եմ, որ էկոլոգիական ստանդարտներին համապատասխանեցնելու առումով մենք շատ աշխատանք ունենք անելու: Մեծ հաջողություններ չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: