Ես կարծում եմ, որ այն դեպքերում, երբ մենք իսկապես պետք է արձագանքենք, արձագանքներ լինում են պետական մակարդակով, ոչ պաշտոնական մակարդակով: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայտարարություններին Հայաստանի արձագանքի վերաբերյալ հարցին:
«Բայց հիմա շատ կարևոր է անընդհատ կենտրոնացած լինել նպատակի վրա: Կարող են լինել ամենատարբեր հայտարարություններ. դրանք կան, եղել են, հնարավոր է նաև լինեն, բայց մենք մեր նպատակից պետք է չշեղվենք: Մեր նպատակն է այսօր առաջ տանել ՀՀ պետական շահերը և մաքսիմալ կենտրոնացած լինել այդ խնդրի վրա:
Ամենատարբեր տեղերից հնչում են հայտարարոություններ, որոնք երբ որ վերլուծում ենք, ինչ-որ առումով դրանց նպատակը սադրանքը կարող է լինել, Հայաստանին ներքաշել խոսակցությունների մեջ, որոնք իրենց բնույթով հեռանկար չունեն: Այսինքն` դառնալու են լեզվակռիվ, լեզվակռիվը վերածվելու է ավելի լուրջ բանի, ավելի լուրջ բանը վերածվելու է էսկալացիայի և այդպես շարունակ: Մենք հստակ ձևակերպել ենք, որ գնում ենք խաղաղության օրակարգի հետևից, և այդ ճանապարհից չպետք է շեղվենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: