Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և կարևորել նման ձևաչափով աշխատանքային հանդիպումների կազմակերպումը՝ ի նպաստ երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության:
«Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման համար և ընդգծել, որ Չինաստանը հետաքրքրված է ՀՀ գլխավոր դատախազության հետ ուղիղ համագործակցությամբ, որը, ի թիվս այլնի, կընդգրկի երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը:
Դեսպանի հետ զրույցում հանրապետության գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ու պետական շահերի պաշտպանությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական փոխօգնության շրջանակում երկու երկրների դատախազությունների համագործակցությունը զարգացնելու հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ: