Ես անկլավների թեմայով բաց խոսել եմ մի քանի առիթներով: Եթե չեմ սխալվում, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ եմ այդ թեմայով խոսել մի քանի ելույթներով: Նման հարց, այո՛, կա, բայց ի՞նչ է նշանակում այդ հարցը, և որտեղի՞ց կա և ինչո՞ւ կա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկլավների հետ կապված հարցին:
«Մենք ասում ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքներից մեկն է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի տարածքների հիման վրա, և երբ որ ասում ենք Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածք՝ դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որ ԽՍՀՄ ժամանակ պատկանել են Ադրբեջանին, և Հայաստանի 29 800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Հիմա այս հարցը պետք է որևէ ձևով հասցեագրվի: Եթե ես ուզենամ էլ, դե յուրե չեմ կարող ասել՝ նման հարց չկա, որովհետև Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, ես չեմ կարող ասել, որ ՀՀ ինքնիշխան տարածքի այս կտորի հետ մենք գործ չունենք: Երբ որ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որոնք, իր բնութագրմամբ, և Խորհրդային Միության քարտեզներով և որոշումներով դե յուրե հիմնավորված գոյություն են ունեցել, այսինքն՝ եթե մենք ասենք անկլավների հարց չկա, ուրեմն պետք է ասենք էքսկլավի՝ Արծվաշենի հարց չկա, բայց երկու հարցերն էլ կան: Հետևաբար, խաղաղության գործընթացում այդ երկու հարցերը պետք է կարգավորվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ տարբերակները մի քանիսն են. «Մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, Ադրբեջանը՝ դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ: Այստեղ բազմաթիվ հարցեր կան. նախ՝ պետք է այդ էքսկլավի տարածքը սահմանագծել, որովհետև պետք է վերահաստատել՝ ինչքան է այդ էքսկլավի տարածքը: Երկրորդը՝ եթե մենք հենց այս ֆիզիկական պարամետրերով ենք այս հարցը լուծում, այնտեղ հարց կա. անմիջական սահման մենք Արծվաշենի հետ չունենք, ոնց ենք մենք մեր սահմանից մինչև Արծվաշենի սահման գոյություն ունեցող տարածքն անցնելու, և, համապատասխանաբար, Ադրբեջանն էլ իր հերթին այդ պարագայում: Այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են լուծվել, կարող են ուղղակի ուրիշ լուծում գտնել, որ այն էքսկլավ-անկլավները, որոնք պարփակված են Հայաստանի տարածքով, սկսում են համարվել դե յուրե Հայաստանի տարածք, այն, որ պաարփակված է Ադրբեջանի տարածքով, սկսում է համարվել Ադրբեջանի տարածք: Բայց սա արդեն կոնկրետ պայմանագրի թեմա է, որը պետք է նաև Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվի»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բանակցություններում այդ թեմայով քննարկումներ եղել են, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այո՛, եղել են այդ թեմայով քննարկումներ, բայց այս պահին շատ կոնկրետ առարկայական պայմանավորվածություն, համաձայնություն փոխադարձ այս թեմայով չկան»:
Վարչապետը նշեց՝ այդ թեմայի հետ կապված շատ ապոկալիպտիկ վարկածներ են քննարկվում, որ աղետալի հետևանքներ կլինեն, սկսած լոգիստիկ հարցերից: «Որևէ տարբերակ այդպիսի լուծման չկա, որից բխող զուգահեռ լուծումները տեղում հնարավոր և մտածված և պլանավորված չլինեն: Բայց էլի եմ ասում՝ այս հարցի շուրջ ես կարծում եմ՝ լարվածությունները շատ ավելին են, քան թե իրականում արժի, որ կոնկրետ այս հարցի վերաբերյալ մենք լարվածություն ունենանք»,- ասաց վարչապետը: