Ինչու մեր երկրում չի կասեցվում Հայաստանի հասցեին շարունակաբար լուտանքներ թափող ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը և ինչու չենք դիմում միջազգային դատարան՝ արդեն վճարած միլիոնավոր դոլարների զենք-զինամթերքը Ռուսաստանից ստանալու պահանջով:
Այդ հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, որ 2020-ի դեկտեմբերի 30-ից գործող համաձայնագրով ռուսական հեռուստաալիքները իրավունք չունեն մեր երկրի ներքին գործերին միջամտել, ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու ջանքեր գործադրել:
Հայաստանի պատկան մարմինները արձանագրել են խախտումներ, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամական հարաբերությունները: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ռուսական կողմին դիմել է պաշտոնական նամակով՝ հրավիրել կոնսուլտացիաների՝ ելքեր գտնելու համար:
«Հույս ունեմ այդ խորհրդակցությունները տեղի կունենան հնարավորինս արագ, որպեսզի մենք այս հարցը կարողանանք նորմալ աշխատանքային բարեկամական մթնոլորտում կարգավորել»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ վճարումների դիմաց զինամթերք չմատակարարելու խնդիրը ևս կա:
«Իհարկե նման խնդիրներ կան, և նաև պետք է տեղեկացնեմ, որ տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով այդ խնդիրը լուծել, օրինակ՝ տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով ՌԴ-ին ՀՀ ունեցած պարտքից նվազեցումը: Քննարկումները, հույս ունեմ, կբերեն կոնկրետ արդյունքների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: