Մենք ուզում ենք, որ ուսուցիչների աշխատավարձն ավելանա, կրկնապատկվի, ավելի քան կրկնապատկվի: Անդրադառնալով ուսուցիչների ատեստավորման վերաբերյալ հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«3 տարի առաջ կարո՞ղ էր ուսուցչի աշխատավարձը կրկնապատկվել, չէր կարող, չկար այդպիսի տարբերակ: Մենք ստեղծել ենք ճանապարհ ուսուցչի աշխատավարձի կրկնապատկումն ապահովելու համար: Մենք հորդորում ենք մեր ուսուցիչներին անցնել ատեստավորման ճանապարհով և վերցնել աշխատավարձը, բայց մենք դա ոչ թե անում ենք նրա համար, որ ուզում ենք ուսուցիչների ճանապարհին նենգաբար խոչընդոտներ ստեղծել, որ մեր սիրելի, հարգելի ուսուցիչները դժվարությամբ ստանան գումարը, այլ մենք գիտակցում ենք, որ մեր երեխաների շահերը նույնպես կարևոր են, եթե ոչ՝ ամենակարևորը: Մենք ասում ենք, որ այս գումարը երբ ուզում ենք ծախսել, ուզում ենք համոզվել, որ դասարան մտնող ուսուցիչը համապատասխանում է որոշակի չափանիշների: Մի գիծ կա, որից ներքև չի կարող լինել ուսուցչի որակավորումը, բայց նաև ստեղծում ենք հնարավորություն: Հիմա այն ուսուցիչները, ովքեր չեն անցել ատեստավորումը, մենք, նրանց ընդառաջ գնալով, արել ենք հետևյալը. մենք ասել ենք, որ եթե հաջորդ անգամ ատեստավորման քննությունն անցնեք և 60 տոկոսը չհաղթահարեք, բայց տեսնենք, որ նախորդ ատեստավորումից ի վեր էլի չեք անցել, բայց 15-ով բարելավել եք ձեր ցուցանիշը, մենք տեսնենք, որ դուք աշխատում եք, մենք ձեզ համար նորից հնարավորությունը կերկարացնենք:
Եթե մենք երեխայի կրթության հարցում անսկզբունքային գտնվենք, մենք այդ երեխաներին դատապարտում ենք աղքատության»,- ասաց վարչապետը: