ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին, արձագանքեց բարձր տոկոսադրույքների վերաբերյալ մտահոգություններին:
«Բանկային համակարգը շատ է փորձ արվում դեմոնիզացնել, սրա մեջ հասկանալի բան կա, մարդկային էությունից է երևի. մարդիկ հաճույքով փող վերցնում են, վերադարձնելն այնքան էլ հաճելի չէ, բայց տոկոսների պրոբլեմը հասկանալի է: Ուզում եմ հասկանանք` բանկային համակարգը ոնց է աշխատում. վարկը, որ պետք է վերցնեք, բանկերին փող որտեղից, որ մեզ վարկ են տալիս: Այն ձևավորվում է հետևյալ կերպ. քաղաքացիներն իրենց գումարը դնում են բանկերում որպես ավանդ, բանկը մի խմբից փողերը հավաքում է, տալիս մեկ այլ խմբի, և որ քաղաքացիները շահագրգռված լինեն փողը ոչ թե դարակում պահել, այլ բանկում, բանկերը տոկոսներ են առաջարկում: Այսինքն` բանկը պետք է փող տվող քաղաքացիներին ավելի շատ տոկոս առաջարկի, որ փող վերցնողներին տա. տոկոսով փող է հավաքում և տոկոսով տալիս»,- ասաց նա` նկատելով, որ տոկոսներն առաջանում են նաև գործառնական ծախսերից. շենքը կառուցում են, սպասարկում, աշխատավարձ են տալիս և այլն:
Վարչապետի համոզմամբ` եթե մենք բանկային աշխատանքը ճիշտ պատկերացնենք, շատ դեպքերում պրոբլեմներն ավելի հասկանալի կլինեն:
«Ես ընդունում եմ` մեզ մոտ տոկոսների բարձր լինելու խնդիր կա, բայց նաև պետք է նշեմ, որ դա կախված է նաև համաշխարհային թրենդներից: Ի՞նչ է տոկոսը. այն փողի գինն է, դա երբեմն ավելանում է, երբեմն՝ նվազում, այստեղ էլ խնդիր կա: Կառավարությունը բանկային համակարգի գործունեությանը որևէ միջամտություն ցույց չի տվել 2018-ից հետո. սա կարևոր գործոն է, որով կարողացել ենք պահպանել ՀՀ-ում մակրոտնտեսական կայունությունը և տնտեսական աճի բարձր ֆոն ապահովել: Բանկը երբեմն ուզում է այնպես անել, որ վարկերը լինեն մատչելի, երբեմն` պակաս մատչելի. սա կապված է գնաճի հետ: Եթե շուկա շատ փող է մտնում, պահանջարկը մեծանում է, դրա հետ գներն էլ են մեծանում, նման դեպքերում բանկը փորձում է զսպել»,- ասաց վարչապետը` հայտնելով, որ այս տարի մեր երկրում գնաճը շատ ցածր մակարդակի վրա է, ինչը լավ է:
Վարչապետը կարևորեց նաև ծախսերի արդյունավետության բարձրացումը:
«Եթե մեկն ասի` ինձ 2 միլիոն դրամ տվեք, պիտի հետաքրքրվեք` ինչի համար է ուզում. եթե կազինո է տանելու, պարտվի, դուք կկորցնեք, իսկ եթե համոզիչ ծրագիր ներկայացնի, դուք շահագրգռված կլինեք»,- նշեց նա: