Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են: ԶԼՄ-ների տվյալով՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Գազայի հատվածի հարավային տարածքներին, զոհվել են խաղաղ բնակիչներ: Իսրայելի բանակի տվյալով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ին պատկանող 400 թունել, դրանք գտնվել են քաղաքացիական շենքերի տակ: Իսրայելում էլ օդային տագնապի ազդանշաններ են հնչել:
Փոխադարձ հարվածների մասին են հայտարարել ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը»: Հայտնի է Լիբանանի տարածքում զոհերի մասին: Al Jazeera հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելի բանակը գրոհել է նաև Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան շրջանները։
Պաղեստինա-իսրայելական էսկալացիայի հետևանքով երկու կողմի զոհերի թիվը գերազանցում է 15 700-ը, վիրավորներինը՝ 33 000-ը, Գազայի հատվածում 7000-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում: ՄԱԿ-ի տվյալով՝ զոհվածների 67%-ը կանայք և երեխաներ են:
Բուժհաստատությունների աշխատանքը կաթվածահար է, դեղորայքը սպառվել է, մարդիկ չունեն բավականաչափ սնունդ, ջուր, վառելիք: Կառույցն ահազանգել է՝ Գազայի հատվածում անվտանգ տեղեր չկան: