Գազայի հատվածում ժամանակավոր մարդասիրական հրադադարի՝ ուժի մեջ մտնելու հստակ ժամկետը դեռ հայտնի չէ, CNN-ի տվյալով՝ դա կարող է տեղի ունենալ վաղը: Երեկ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնել էին 4 օրով դադարեցնել կրակը, զինադադարի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է իսրայելական կողմին վերադարձնի առնվազն 50 պատանդի՝ կանանց և երեխաների: Փոխարենը՝ Իսրայելն ազատ կարձակի երկրի բանտերում պահվող 150 կնոջ և երեխայի:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ մարդասիրական դադարից հետո ռազմական գործողությունները կվերսկսվեն՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ը և վերադարձնելու մյուս գերիներին: Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է՝ չնայած հրադադարի մասին պայմանավորվածությանը, իսրայելցի զինվորականներին հրաման է տրվել զգոն լինել՝ արձագանքելու կրակի դադարեցման ռեժիմի հնարավոր խախտումներին:
ԶԼՄ-ները գրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ մտնելուն ընդառաջ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Լիբանան՝ հանդիպելու «Հեզբոլլահի» առաջնորդի հետ։ «Ալ Ջազիրան» այնուհետև գրել է, որ շարժումը պատրաստակամություն է հայտնել հետևելու մարդասիրական հրադադարին։ Լիբանան է մեկնել նաև Իրանի արտգործնախարարը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպումներ է անցկացրել «Հեզբոլլահի» և Լիբանանի իշխանության ներկայացուցիչների հետ: Իրանցի դիվանագետը հայտարարել է՝ եթե Գազայի հատվածում մարտերը չդադարեցվեն, պատերազմը կընդլայնվի:
Մինչ այդ ռազմական գործողությունները շարունակվել են: ԶԼՄ-ների տվյալով՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Գազայի հատվածի կենտրոնական և հարավային տարածքներին, զոհվել են խաղաղ բնակիչներ: Իսրայելի բանակի տվյալով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ին պատկանող 400 թունել, դրանք գտնվել են քաղաքացիական շենքերի տակ: Իսրայելում էլ օդային տագնապի ազդանշաններ են հնչել:
Փոխադարձ հարվածների մասին են հայտարարել ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը»: Լիբանանի տարածքում կան զոհեր, այդ թվում՝ Հեզբոլլահի մարտիկներ: Al Jazeera հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելի բանակը գրոհել է նաև Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան շրջանները։
Պաղեստինա-իսրայելական էսկալացիայի հետևանքով երկու կողմի զոհերի թիվը գերազանցում է 15 700-ը, վիրավորներինը՝ 33 000-ը, Գազայի հատվածում 7000-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում: ՄԱԿ-ի տվյալով՝ զոհվածների 67%-ը կանայք և երեխաներ են: Բուժհաստատությունների աշխատանքը կաթվածահար է, դեղորայքը սպառվել է, մարդիկ չունեն բավականաչափ սնունդ, ջուր, վառելիք: Կառույցն ահազանգել է՝ Գազայի հատվածում անվտանգ տեղեր չկան:
Մանրամասները՝ ռեպորտաժում: