Գազայի հատվածում ժամանակավոր մարդասիրական հրադադարի՝ ուժի մեջ մտնելու հստակ ժամկետը դեռ հայտնի չէ, CNN-ի տվյալով՝ դա կարող է տեղի ունենալ վաղը:
Երեկ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնել էին 4 օրով դադարեցնել կրակը, զինադադարի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է իսրայելական կողմին վերադարձնի առնվազն 50 պատանդի՝ կանանց և երեխաների: Փոխարենը Իսրայելն ազատ կարձակի երկրի բանտերում պահվող 150 կնոջ և երեխայի:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ մարդասիրական դադարից հետո ռազմական գործողությունները կվերսկսվեն՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ը և վերադարձնելու մյուս գերիներին: Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է՝ չնայած հրադադարի մասին պայմանավորվածությանը՝ իսրայելցի զինվորականներին հրաման է տրվել զգոն լինել՝ արձագանքելու կրակի դադարեցման ռեժիմի հնարավոր խախտումներին:
ԶԼՄ-ները գրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ մտնելուն ընդառաջ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Լիբանան՝ հանդիպելու «Հեզբոլլահի» առաջնորդի հետ։ «Ալ Ջազիրա»-ն այնուհետև գրել է, որ շարժումը պատրաստակամություն է հայտնել հետևելու մարդասիրական հրադադարին։