Թուրքիայի իշխանությունները չեն կարող վավերացնել Շվեդիայի անդամակցության հայտը մինչև նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կայանալիք դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին հայտնել է Reuters-ը։
Գործակալության աղբյուրները նշել են, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վավերացման հարցի քննարկումը կարող է վերսկսել նոյեմբերի 28-ին կամ 29-ին: ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչներ հույս ունեին, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Շվեդիան արդեն կկարողանա դառնալ դաշինքի անդամ, և կկազմակերպվի համապատասխան արարողություն:
Օրինագիծը նախ պետք է վավերացնի հանձնաժողովը, այնուհետև քվեարկության դրվի Թուրքիայի խորհրդարանում: Դրանից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Էրդողանը։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը մինչ այժմ վավերացրել են դաշինքի 31 երկրներ, այն չեն հաստատել միայն Հունգարիան և Թուրքիան: