Նիդերլանդների խորհրդարանի ընտրությունում, նախնական տվյալների համաձայն, հաղթել է ուլտրաաջ «Ազատություն» կուսակցությունը: Քվեաթերթիկների 98%-ի դիտարկումից հետո նշվում է, որ Գերտ Վիլդերսի գլխավորած քաղաքական ուժը կարող է ակնկալել խորհրդարանի 150 տեղից 37-ը: Հատկանշական է, որ քաղաքական ուժը հայտնի է որպես միգրացիոն քաղաքականության խստացման կողմնակից և ԵՄ-ից Նիդերլանդների դուրս գալու գաղափարախոս:
Երկրորդ տեղը զբաղեցրած ձախերի դաշինքը, որը բաղկացած է Աշխատանքի կուսակցությունից և «Կանաչ Ձախ» քաղաքական ուժից, կստանա 25 մանդատ: Երրորդ տեղը զբաղեցրած «Հանուն ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությունը կարող է ստանալ 24 պատգամավորական մանդատ:
Քվեարկությանը մասնակցությունը կազմել է 77,8%: Նիդերլանդների ընտրական խորհուրդը դեկտեմբերի 1-ին կհայտարարի քվեարկության պաշտոնական արդյունքները: