Դատական դեպարտամենտն արձագանքել է այսօր Կառավարության նիստում հնչած մեղադրանքին.
«Այսօր Կառավարության նիստին, ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտահոգության, որ ձգձգվում են կոռուպցիոն գործերով իրական արդյունքները, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել է. «Մենք հիմա քրեական գործ ունենք դատարան ուղարկված մոտ 20 մլն դրամի կաշառքի դիմաց ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ։ Այդ քրեական գործը դատարանը վարույթ ընդունելուց հետո բոլոր մեղադրյալներին կալանքից ազատել է։ Ես ամենևին չեմ ուզում քննարկել դատարանի որոշումը, բայց մենք ունենք իրավիճակ, երբ, որպես պրակտիկա, կալանքի տակ չգտնվելու դեպքում, դատական նիստերը տարիներով ձգձգվում են, դա խնդիր է»։
Խոսքն ակնհայտորեն վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանում քննվող «Զինվորական համազգեստների» վերաբերյալ քրեական գործին, որում ներգրավված են եղել չորս մեղադրյալներ:
Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը, իսկ վերջինի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Դատարանը, հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները, գտել է, որ ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը, անհրաժեշտ չէ, քանի որ կիրառված համակցված խափանման միջոցները բավարար են մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Ավելին՝ նախաքննական մարմնի կողմից բավարար ապացույցներ ու հիմնավորումներ չեն ներկայացվել, որ մեղադրյալները կալանքի բացակայության դեպքում կարող են խոչընդոտել քննությանը:
Նաև հարկ ենք համարում ընդգծել, որ խափանման միջոցներն առհասարակ չեն պարունակում պատժիչ տարրեր: Առավել ևս, անթույլատրելի է խափանման միջոցի ընտրությունը դատական քննության արագացման խթան կամ քննության հետ ավելի օպերատիվ համագործակցելու մոտիվացիոն գործիք ծառայացնելը:
Եթե որևէ դատավորի որոշում որևէ պետական մարմին ցանկանում է կասկածի տակ դնել, ապա կա երկու եղանակ` վերադաս ատյան բողոքարկումը կամ դատավորին կարգապահական պատասխանատության ենթարկելու գործիքակազմը:
Նշված և այլ գործերի ձգձգման համար որևէ դատավորի վերաբերյալ կարգապահական ոչ մի վարույթ առկա չէ, ինչը վկայում է, որ չկա փաստարկված որևէ դատական սխալ, որը Հակակոռուպցիոն կոմիտեին հիմք կտար դիմել դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:
Վերջում, որպես ամփոփում, կարևոր է ընդգծել, որ հանուն կոռուպցիայի դեմ արագ և արդյունավետ պայքարի՝ դատական իշխանությունը պատրաստ է ցանկացած քննարկման և աշխատանքային համագործակցության, որը, անշուշտ, կլինի օրինականության և դատավորների էթիկայի վարքականոնների շրջագծում: Նման աշխատանքային և հրապարակային քննարկումներում դատական իշխանությունը պատրաստ է ներկայացնել իր հիմնավորումները և մտահոգությունները, թե՛ հանրությանը, և թե՛ իշխանության մյուս թևերին ու անկախ մարմիններին:
Դատական իշխանությունը 2024 թվականի հունվարից նաև հրապարակային հարթակներում կներկայացնի բոլոր թերացումների, ձգձգումների, չարդարացված ակնկալիքների ու եղած ձեռքբերումների մասին»: