Ղարաբաղցի փախստականներն ամեն օր հեռուստացույցով լսում են, որ աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից Ադրբեջանին կոչ են անում, հորդորում են, Ադրբեջանից պահանջում են՝ ապահովել հայերի «անվտանգ, արագ, անխոչընդոտ վերադարձը» Լեռնային Ղարաբաղ: Լսում են, որ Բաքուն վստահեցնում է, թե «հավատարիմ է տարածաշրջանի բոլոր բնակիչների անվտանգության ապահովմանը` անկախ ազգային կամ էթնիկ ծագումից»: Իսկ ի՞նչ են մտածում վերադարձի հնարավորության մասին բռնի տեղահանված ղարաբաղցիները:
1lurer.am-ի թղթակիցը եղել է Երևանում հաստատված թաղավարդցիների մի ընտանիքում:
«Ստեղ Ձմեռ պապիկ գալի՞ս ա»,- հարցնում է 8 տարեկան Եվան՝ չլսելու տալով հարցս, թե ի՞նչն է ամենաշատը կարոտել Թաղավարդում: Հետո շարունակում է. «Ինձ անցած տարի բանալիով բլոկնոտ բերեց: Էս տարի թութակ եմ ուզել։ 17 հազար դրամ ա…»։
- Ես հեծանիվ եմ ուզել Ձմեռ պապից,- զրույցին խառնվում է եղբայրը՝ 10 տարեկան Էրիկը:
- Ես՝ 15 այֆոն պռո,- խորամանկ կչկչում է 6 տարեկան Էլենը։
- Հեռախոսը հեռախոս ա, կարևորը՝ զանգի,- քրոջը մեծավարի դիտողություն է անում Էրիկը և կարճ դադարից հետո.
-... ու որ խաղեր լինեն մեջը:
Եվան, Էրիկը, Էլենը ծնողների, երկու տատիկների և երկու պապիկների հետ ապրում են Երևանում, հազիվ 50 քառակուսի մետր մակերեսով մի տնակում՝ «վագոնից սարքած»:
- Ստեղ ամեն ինչը փոքր ա,- նեղվում է Էլենը, որ մեծ հեռախոս է ուզել Ձմեռ պապից:
Ցեմենտբետոնե հատակը ծածկված է գորգով: Կղմինդրե տանիքը առանց բետոնե պաշտպանիչ շերտի է։ Երկու սենյակներից ամենամեծի կենտրոնում փայտի վառարանն է, մի հին սառնարան, վրան՝ հեռուստացույց, լվացարանի կողքին՝ դարն ապրած գազօջախ, երկու մեծ զգեստապահարան։ 10 հոգի՝ ազգակից 3 ընտանիք է ապրում կացարանում: Ամսական 150,000 դրամ վարձ են տալիս:
- Մենք՝ երեք ընտանիք, առանձին էինք ապրում Թաղավարդում, բայց հիմա էդքան վարձ չենք կարա տանք։ Գյուղում տղես ֆերմա ուներ, 100 գլուխ խոզ ա թողել, 100 հավ ու հնդուշկա։ Ի՜նչ տուն ենք թողալ, ի՜նչ ենք թողալ. սարքած, կռիշը փոխած,- ասում է Եվայի, Էլենի, Էրիկի տատիկը՝ 63-ամյա Նարսելան:
Ամուսինը՝ Արարատը, լրացնում է. «Մենակ 300 լիտր թթի արաղ եմ թողալ»։
Հիմա արցախցի փախստականները կարոտով են հիշում անգամ բլոկադայի 9 ամիսները հարազատ գյուղում։
- Ամեն ինչը կիսում էինք. մեկը պեսոկ չուներ, տալիս էինք, մեկը՝ մակարոն, գտնում էինք: Գիտեինք՝ գյուղում ով ինչ ունի, ինչ չունի: Մեզ կարտոշկա, պամիդոր եղել ա, բայց ձեթը, շաքարը վաբշե չի եղել։ Ալյուրը՝ գարի էր աղացած: Ցորեն չի իլալ,- պատմում է Նարսելան:
Սեպտեմբերի 19-ին Էրիկը, Եվան, Էլենը դպրոցում են եղել, երբ սկսվել են կրակոցները։ Հիմա, իրար հերթ չտալով, հավատացնում են, որ չեն վախեցել:
- Որ չեք վախեցել, հո՞ւվ էր մաշինումը ծկլթում,- վրա է բերում տատը։
- Էդ մաման ա իլալ, ես չեմ իլալ,- փորձում է ստել փոքրիկ Էլենը:
- Սաղս էլ լացել ենք,- թեման ուզում է փակել տիկին Նարսելան, բայց շարունակում է.
- Խփում էին գյուղերին, տներին... Մեզ տեղափոխեցին Կոլխոզաշեն՝ ավելի ապահով: Մնացինք դպրոցում: Տղաները սաղ՝ պոստերում, սաղ՝ իրարից բեխաբար, մեկ-մեկ գնում էինք տուն, ուտելիք բերում։ 4-րդ օրը էլ չկարողացանք, թուրքերը էդ ճանապարհը փակեցին, որ էլ չգնանք։ Տղաներին սաղ զինաթափեցին, անտառներով եկան մեզ մոտ, ասեցին, որ գյուղը թուրքերը վերցրել են: Ով ոնց կարողացել ա, ավտոն բրդելով, բանով... (մի կաթիլ բենզին չկար) 6 ժամում Ստեփանակերտ ենք հասել՝ մետր-մետր։ Երկու օր Ստեփանակերտում ենք մնացել, մինչև բենզին են տվել, դուրս ենք եկել:
Գաղթի ճանապարհի դժվարությունների մասին լռում է Նարսելան, բայց Գորիսում մարդկանց գրկաբաց ընդունելության մասին չի կարող չպատմել.
- Որ հասանք, էդ ո՜նց դիմավորեցին մեզ. ամեն ինչով: Երեխեքը մնացել էին զարմացած՝ սպիտակ հաց... Բոլորը հաց, ջուր, ինչ ունեին՝ տալիս էին: Ասում էինք՝ մեզ արդեն տվել են: Մեկ ա՝ էլի էին տալիս:
Հիմա օրվա հացը վաստակելու համար գործ են փնտրում Էրիկի, Եվայի, Էլենի հայրն ու մայրը՝ 35 տարեկան Կարենն ու Հերմինեն:
- Հերմինեն մանկապարտեզում դաստիարակ էր, ամուսինը՝ վայեննի էր, կիսուրը զավոդում էր աշխատում, կեսրարը 100 000-ի ցակատ էր խփում (խմբ.- փայտահատ էր), հիմա ի՞նչ անենք... էն ժամանակ ամեն ինչին փողը հերիքում էր: Հիմա, եկած-նստած, նայում ենք իրար երեսի, տենանք՝ ինչ անենք...
Ղարաբաղցիների ընտանիքում հեռուստացույցը հազվադեպ է անջատվում. աշխատանքի առաջարկ, թոշակի հարց, կարգավիճակ, նոր անձնագիր, աջակցության ծրագրեր, վերադարձի հնարավորություն... Լսում են բոլորին, այն ամենը, ինչն իրենց ապագային մի փոքր որոշակիություն կբերի:
Ղարաբաղցիների «արագ, անվտանգ ու առանց խոչընդոտների» վերադարձը ապահովելու՝ Ադրբեջանին ուղղված միջազգային պահանջները հիմա անիրականանալի են թվում տիկին Նարսելային.
- Կյանքում հետ չենք գնա, կյանքում: Չենք գնա, որովհետև մի հատ էլ թուրք լինի ընդեղ, ոչ մեկը չի գնա: Թուրքը, որ մտել ա ընդեղ, էլ կթողի՞ էդ սիրուն անտառները, էդ հարստությունը կթողնի-կգնա՞, որ մենք հետ գնանք մեր տները:
- Որ հնարավորություն լինի, ես ուրիշ երկիր կգնայի,- հոգոց է հանում Հերմինեն՝ երեք փոքրիկների մայրը:
- Դո՛ւ կգնաս, բայց մեզանից հարցրե՞լ ես,- մորը «սաստում» է ավագ որդին՝ Էրիկը:
- Չենք գնա. 3 տարի՝ 20 թվից հետո, ամեն օր՝ կրակոցների տակ... Մեր տան դեմն ա. գիշերը, տե՛ս՝ ոնց են խփում, նայի՝ ոնց են կրակում,- հեռախոսի հիշողությունն է փորփրում Էրիկի հայրը՝ Կարենը:
Վեցամյա Էլենը հոր հեռախոսի միջից լսում է Մոսկիի հաչոցի ձայնը ու նայում մորը՝ վիրավորանք թաքցնող աչքերով. «Մաման չի թողալ՝ Մոսկիին պիրիմ»: Գյուղը լքելիս Հերմինեն է արգելել, որ փոքրիկն իր հետ վերցնի շանը ու հիմա անհամբեր սպասում է, թե երբ է նորից նրա հետ «խաղ անելու»:
- Մեր Արցախը ուրիշ էր: Ես չեմ կարողանում համակերպվեմ: Ես հավատում եմ, որ հետ կգնանք,- Էրիկի պապը՝ Արարատը, ասես, ասում է բոլորի փոխարեն, ու ծանր լռություն է իջնում ժենգյալով հացի, թեյի սեղանի շուրջ:
Հեղինակ՝ Գայանե Ապրունց