Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է ուսումնասիրություն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Ուսումնասիրության ընթացքում Վարչությունը, իրացնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իր լիազորությունները, համապատասխան հարցումներ է կատարել տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տվյալներ, ինչի արդյունքում, կատարված ուսումնասիրությամբ բացահայտված և օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու դիմում է ներկայացվել դատարան:
Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց արգելվել է կատարել մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ:
Ուսումնասիրությամբ շահագրգիռ անձինք ծանոթացել են ուսումնասիրությամբ հավաքված տվյալներին, նրանց տրվել է դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն, սակայն Վարչության կողմից ապօրինի գնահատված գույքերի ձեռքբերման օրինականությունը հիմնավորող տվյալներ շահագրգիռ անձինք դեռևս չեն ներկայացրել:
Այնուհետև, Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունվել է վարույթ:
Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
-
79 անշարժ գույք.
-
42 տրանսպորտային միջոց.
-
Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.
-
Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.
-
10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք.
-
39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
-
63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.
-
12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.
-
86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:
Հիշեցնենք, որ 2020 թվականին հարուցված քրեական գործով (վարույթով) Գագիկ Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից հետո Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնց հիմքով 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի ուսումնասիրություն»,- ասված է հաղորդագրության մեջ: