ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ առաջարկվել է 2023 թվականի ԿԳՄՍՆ-ին հատկացված միջոցներից 87 մլն 696 հազար դրամ ուղղել նախագծահետազոտական ծախսերին, որի շրջանակներում կիրականացվի Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների առաջին վճարումը: «Այս պահին մենք վճարում ենք կանխավճարը, և ունենալու ենք վճարումների առաջին և երկրորդ փուլերը»,- ասաց Անդրեասյանը:
«Մենք արդեն ունեցել ենք ծրագրի պատասխանատու ճարտարապետի և ուրբանիստի աշխատանքային այցը նոյեմբերի ընթացքում: Հաջորդ այցին սպասում ենք դեկտեմբերի 11-ին և 12-ին: Նախատեսում ենք, որ առաջին փուլի արդյունքները, որը նախագծի նկարագրությունը, հատակագիծը և տեսլականն է լինելու, կստանանք մինչև փետրվարի վերջ: Այնուհետև կլինի երկրորդ փուլով ամբողջական կոնցեպտուալ հատակագիծը, որում ճանապարհափողոցային ցանցի հատակագիծն է, տեղանքի, շենքերի, լանդշաֆտի, ճարտարագիտական ենթակառուցվածքների և մնացած բոլոր մանրամասների, որն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև ապրիլ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:
«Ուրախությամբ եմ արձանագրում, որ մենք հաստատուն քայլերով ընթանում ենք Ակադեմիական քաղաք նախագծի իրականացման ճանապարհով, և մենք հիմա արդեն, ըստ էության, առաջին գործնական փուլն ենք մտել, երբ որ Հայաստանի և Գերմանիան ներկայացնող գործընկերների աջակցությամբ սկսում ենք Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի ձևավորման աշխատանքները»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, դիմելով նիստին ներկա երեխաներին, ասաց. «Դուք միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու հնաավորություն չունեք: Այսօր մեր բուհական համակարգում ընդամենը 1, 2 պետական բուհ կա, որոնք որևէ ձևով գրավիչ են օտարերկրյա ուսանողների համար. հիմնականում Հայաստանից են գնում սովորելու, ոչ թե Հայաստան են գալիս սովորելու, բայց սա կարևոր է ոչ այնքան օտարերկրացիների, ինչքան մեզ համար: Եթե մենք ուզում ենք՝ մեր բուհական համակարգը մրցունակ լինի միջազգային ասպարեզում, դրա համար պետք է կրթական մակարդակը բարձրացնենք: Դրանից ամենաշատը շահելու են ՀՀ ուսանողները: Իհարկե, ուզում եմ ձեզ ասել, որ այս հարցում ակնհայտորեն շատ մեծ դիմադրություն կա, բայց նաև ուզում եմ մեր վճռականությունը արտահայտել, որ մենք հետևողականորեն գնալու ենք առաջ, որովհետև մենք բոլորս էլ մեր բուհերով անցել ենք. մենք գո՞հ ենք այն կրթության մակարդակից, որ մենք ստանում ենք, կամ այսօր ստանում են ՀՀ-ում ուսանողները: Այն գծին, որ մենք պատկերացնում ենք, դրան մոտ բուհ չկա»,- ասաց Փաշինյանը: