Մենք ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում բավականին լավ ցուցանիշ ունենք. պատճառված վնասի 33,5 մլրդ-ի հատուցում ենք ապահովել: Ընդ որում՝ այս թվի 98 տոկոսը պետությանը պատճառված վնասին է վերաբերում: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:
«Կուզեմ նշել, որ այս թիվը ոչ թե քննարկման ենթակա՝ հետագայում դատաքննության ընթացքում վիճարկման թիվ է, այլ 95 տոկոս և ավելի պարագայում արդեն իսկ պետական բյուջե վճարված թիվ է»,- ասաց նա:
Անդրադառնալով նախորդ տարվա համեմատ այս տարի դատարան ուղարկած գործերի քանակին՝ Քյարամյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ ՔԿ-ն 72 տոկոսով ավելի գործեր է ուղարկել դատարան: «Սա ևս աննախադեպ ցուցանիշ է»,- նշեց ՔԿ նախագահը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց իրավական համակարգից՝ նշելով, թե գործերը գնում են դատարան, սակայն դատարանում դրանց քննումը ձգձգվում է, և անհրաժեշտ համարեց մեղադրական վճիռների առկայությունը:
«Ունենք շատ հայտնի կոռուպցիոն գործեր, որոնք գտնվում են դատական գործընթացի մեջ, և տպավորություն ունեմ, որ այդ գործերը կարող են 25 տարի տևել։ Սա մեծ խնդիր է։ Մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ, այնուամենայնիվ, կառավարությունը ինչ-որ կուլիսային գործարքների մեջ է, որի արդյունքում այս բոլոր ձգձգումները լինում են։ Ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ մի գործարքի մեջ չենք, բայց մյուս կողմից էլ մենք պետության ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր ենք համարում և կարևոր ենք համարում, որ ամեն ինչ տեղի ունենա իրավական ընթացակարգերով։ Բայց չենք կարող մեր դժգոհությունը չարտահայտել այն փաստի վերաբերյալ, որ գործեր կան, որ անհասկանալի է, թե ինչպես կարող են այդքան ձգձգվել։
Նիկոլ Փաշինյանի գնահատականով՝ հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ. կաշառք է վերցնում՝ ով որտեղ պատահի: Նա հիշեցրեց՝ 2018 թվականից հրապարակային հայտարարել է՝ քրեական գործերը ուղղորդելու պրակտիկայից պետք է հրաժարվել, և գնացել են այդ ճանապարհով:
«Չի եղել մի գործ, որ առաջ չգնա քաղաքական կամքի բացակայության պատճառով: Հայաստանում անձեռնմխելի անձինք չկան: Կարող ենք վտանգ ստեղծել, վերնագիր ա հայտնվում, որ բռնեցինք, հետո տեսնենք սրճարանում էդ մարդկանց. ինչ ա եղել, բաց թողեցին: Արդարադատության ստանդարտի մեջ պետք է կողմնորոշվենք, կալանքը, պատիժը տարբերենք:
Քանի որ չկան դատավճիռներ, մարդիկ հավերժ ստորագրությամբ չեն կարող բացակայել, պետք է՝ Մոնտե Կարլո կգնան, սրճարանում կտեսնեն, ռեստորաններում կնկարեն: Քաղաքականությունը մենք ենք կրում»,- ասաց վարչապետը: