Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր քաղաքականությունը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների վերաբերյալ հետևյալն է, որ այն պայմաններում, որ նրանք օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան ԼՂ վերադառնալ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ, ըստ էության, մենք վերլուծում ենք և տեսնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հոսք չկա. այսինքն` արտագաղթի երևույթներ չկան, որովհետև առաջին օրերին կար բավականին անհանգստացնող թիվ գնացողների, բայց մենք ենթադրում ենք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի այցելում են հարազատների հրավերով և վերադառնում են, և մենք տեսնում ենք, որ վիճակը կայունացել է, ինչը, իմիջիայլոց, կարևոր ազդակ է մեր կողմից կայացվող որոշումները գնահատելու առումով. սա նշանակում է, որ, այնուամնեյանիվ, որոշումները էֆեկտ ունենում են: Խնդրում եմ՝ իմ խոսքերը չմեկնաբանվեն որևէ կերպ, որ մենք ասում ենք՝ այդ մարդկանց բոլոր խնդիրները լուծել ենք, բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա, որ մի իքս պահից մեր քաղաքականությունները պետք է դառնան նույնական ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ, ինչ քաղաքականություն մենք վարում ենք ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Փաշինյանը: