Կառավարությունը 2 մլրդ դրամ հատկացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին աջակցություն տրամադրելու համար:
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից նախորդիվ հաստատված աջակցության ծրագրերից մեկի ֆինանսավորման հարցը, համաձայն որի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսվել էր նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրել 50-հազարական դրամ՝ պայմանավորված արդեն իսկ ներկայացված դիմումների շահառուների թվով: «Նախագծով առաջնահերթ առաջարկում ենք հատկացնել 2 մլրդ դրամ՝ 40 հազար շահառուի հաշվարկով»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:
Նա նշեց, թե ծրագրից ովքեր կկարողանան օգտվել: «100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շահառուները կարող են օգտվել, իսկ միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, ում բանկային հաշիվներւմ հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 մլն դրամից ավելի գումար, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ունեցել են հաշվառում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են ՀՀ-ից, կամ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում»:
Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ երեկ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատվել է պետական կենսաթոշակների և նպաստների մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը, որով մեր հայրենակիցները կկարողանան իրացնել կենսաթոշակի և նպաստների իրենց իրավունքները սահմանված կարգով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում: «Դրա մասին մենք իրազեկել ենք և կշարունակենք իրազեկել»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է 40+10-հազարական դրամների հոկտեմբերի աջակցություններին, այս պահի դրությամբ արդեն 99 820 անձի վճարվել են այդ աջակցությունները, նախարարի տեղեկացմամբ՝ առանց դիմումի:
«Դրան զուգահեռ՝ սկսել ենք դիմումներ ստանալ նոյեմբեր ամսվա վճարման համար. շուրջ 80 095 արդեն ստացել ենք, և մի մասը մշակվել է, և մի մասը դեռ մշակման փուլում է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է 100-հազարական դրամներին, ապա, Նարեկ Մկրտչյանի խոսքով, այս պահի դրությամբ 108 336 անձի վճարվել է: «100 հազարի ծրագիրը կարող ենք համարել ավարտված»,- ասաց նա:
«Նոյեմբեր ամսվա 40+10-հազարական դրամների համար 1 միլիարդ հատկացրինք, բայց սկսած նոյեմբերի ամսից՝ միջազգային կազմակերպությունները, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերում են ոչ թե բյուջեին գումար հատկացնելու եղանակով, այլ մենք համագործակցում ենք, որ իրենք վճարումներ են կատարում են իրենց հաշիվներից, բայց մեզ հետ համագործակցաբար: Մենք արդեն այս միջոցառման շրջանակներում ունենք պայմանավորվածություններ, որ որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին: Սա կարևոր հանգամանք է, դա է պատճառը, թե ինչու ենք մենք 1 մլրդ հատկացնում»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ ստացված դիմումների կեսը մշակված է, և հաշվարկն այնպիսին է, որ Կառավարության հատկացրած 1 մլրդ-ի և միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող վճարումների հաշվին այդ մշակված տվյալներն ամբողջությամբ կվճարվեն: «Հաջորդ շաբաթ արդեն կհատկացնենք նաև մնացած մասը և կշարունակենք վճարումները նոր ստացվող և մշակվող դիմումների մասով»,- նշեց փոխվարչապետը: