Կայացել է փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի համատեղ հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:
Հանդիպման սկզբում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները: Տիգրան Խաչատրյանը անդրադարձել է բռնի տեղահանվածների համար աշխատանքի միջոցով սեփական եկամուտների գեներացման նախապայմանների ստեղծման, ինչպես նաև բնակարանային ապահովման խնդրի արդյունավետ լուծման կարևորությանը` ընդգծելով այդ ուղղություններով ԵՄ պետությունների կողմից աջակցության անհրաժեշտությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասող հավանական մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ու ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Մհեր Գրիգորյանը վերահաստատել է նաև տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ցանկությունը և պատրաստակամությունը:
Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: