«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ ճանապարհահատված‚ որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ։ Տեխնիկական հսկողությունն ու շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրել են շինաշխատանքների ընթացքին։ Մասնավորապես‚ նշվել է‚ որ կատարվում են հողային‚ ջրթող խողովակների կառուցման աշխատանքներ‚ հանույթ և լիցք զուգահեռաբար մի քանի հատվածներում։ Տեխհսկողը տեղեկացրել է‚ որ ֆիզիկական առաջընթացը կազմում է մոտ 30 տոկոս։
Շինարարի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ մոտ 142 հազար խմ ժայռային հանույթ է իրականացվել (պայթեցման ծավալներն են)։ Ընդհանուր իրականացված հանույթի ծավալը մոտ 540 հազար խմ է‚ ներառյալ բուսահողը։ Մոտ 442 հազար խմ լիցք է կատարվել։ Ընդհանուր առմամբ‚ ըստ նախագծի‚ նախատեսված է կատարել մոտ 850 հազար խմ լիցք։ 8կմ ճանապարհահատվածի վրա նախատեսված է կառուցել 43 արհեստական կառուցվածք։ Այս պահի դրությամբ ավարտական փուլում է 2 անասնանցումի‚ 1 գյուղտեխնիկայի անցման կառուցումը։ 16 արհեստական կառույցներն ընթացիկ ամրանավորման և բետոնացման փուլում են: Նախատեսված է կառուցել 1 տրանսպորտային հանգույց Ոսկեվազ բնակավայրին հարակից տարածքում։ Տվյալ հատվածի ժամանակավոր երթևեկության պլանը ՀՀ ՆԳՆ-ի կողմից հաստատվելուց հետո կմեկնարկի նաև տրանսպորտային հանգույցի շինարարությունը։
Կապալառուն հավաստիացրել է‚ որ 2024 թ. բարենպաստ եղանակային պայմանների դեպքում աշխատանքային ծրագրով նախատեսված ժամկետում կսկսեն ասֆալտապատման աշխատանքները։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարը քննարկել է շինարարության հետ կապված մի շարք հարցեր։ Ընդգծվել է‚ որ աշխատանքները պետք է ընթանան տեխնիկական մասնագրերով ամրագրված որակական չափանիշներով և աշխատանքային ծրագրի և պայմանագրի ժամանակացույցի համաձայն։