BBC լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Ադրբեջանում մամուլի, խոսքի ազատության վիճակի մասին:
Ադրբեջանի իշխանությունները խուզարկել են AbzasMedia հետաքննական պարբերականի խմբագրությունը և կալանավորել դրա երկու ղեկավարին։ Այդ լրատվամիջոցը գրել է պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավորների շրջանում կոռուպցիայի մասին, տեղեկացնում է BBC-ն։
«Ոչ մի ձերբակալություն կամ ճնշումների այլ մեթոդներ չեն կարող մեզ խանգարել իրականացնելու մեր աշխատանքը և տրամադրել իրական տեղեկատվություն: Քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ովքեր և ինչպես են ծախսում իրենց հարկերը»,- ասել է AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին, որին ոստիկանները բերման են ենթարկել ու ծեծել: Իրավապահները հայտարարել են, որ խմբագրությունը խուզարկելու ժամանակ 40 հազար եվրո են հայտնաբերել:
Երեքշաբթի առավոտյան խուզարկություն է իրականացվել նաև AbzasMedia-ի խմբագիր Սևինչ Վագիֆգըզըի տանը։ Նրան ձերբակալել են գիշերը՝ օդանավակայանում, երբ վերադառնում էր Ադրբեջան։
Իշխանությունները Հասանլիին և Վագիֆգըզըին մեղադրել են փողերի մաքսանենգության համար։ Նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Լրագրողներն իրենց մեղքը չեն ընդունել, իսկ AbzasMedia-ն կարծում է, որ պարբերականի ղեկավարների ձերբակալության իրական պատճառը կոռուպցիոն հետաքննություններն են։
Այդպես են կարծում նաև Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, որոնք պահանջում են ազատ արձակել լրագրողներին։
AbzasMedia պարբերականն Ադրբեջանում հայտնի է պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի իր հետաքննություններով։ Նրա լրագրողները, օրինակ, պարզել են, որ Զանգիլանի շրջանում տեխնոլոգիական «խելացի գյուղի» կառուցման հետևում կանգնած է մի ընկերություն, որը պատկանում է նախագահի օգնականի եղբորը։
Սևինչ Վագիֆգըզըն բազմաթիվ հետաքննությունների հեղինակ է։ Նա նաև հայտնի է որպես մեծ աղմուկ բարձրացրած Pegasus լրտեսող ծրագրերի զոհ, որն ադրբեջանական պետությունը ձեռք է բերել իսրայելական ընկերությունից՝ լրագրողներին սեփական հեռախոսների միջոցով լրտեսելու համար։
Մի քանի տարի առաջ Վագիֆգըզըին, ինչպես նաև նրա մի քանի այլ գործընկերների, թույլ չեն տվել լքել երկիր։
BBC-ի հոդվածագիրը նկատել է, որ Ադրբեջանում ընդունված պրակտիկա է, երբ տարբեր պատրվակներով լրագրողներին արգելում են ճանապարհորդել։ Լրագրողները կարծում են, որ նման սահմանափակումները կապված են իրենց մասնագիտական գործունեության հետ։ Ավելին, նրանք երբեմն տարիներով չեն կարողանում հեռանալ երկրից։
Ձերբակալվել են նաև բազմաթիվ այլ հայտնի ադրբեջանցի լրագրողներ: Հոկտեմբերի տվյալով՝ քաղբանտարկյալների ցուցակը, որը հրապարակել են տեղի իրավապաշտպանները, ներառում է ավելի քան 200 մարդ։ Ընդամենը մի քանի ամսում այդ թիվը կրկնապատկվել է։
Անցյալ տարի Transparency International-ի կոռուպցիայի ինդեքսով Ադրբեջանը զբաղեցրել է 157-րդ տեղը՝ Հոնդուրասի, Իրաքի, Մյանմայի և Զիմբաբվեի հետ։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում գրում է. «Լրատվական ողջ ոլորտը գտնվում է պաշտոնական հսկողության տակ, երկրի ներսում ոչ մի անկախ հեռուստատեսություն կամ ռադիո չի հեռարձակվում, փակվում են քննադատական դիրքորոշում արտահայտող բոլոր տպագիր թերթերը, այնպիսի կայքեր, ինչպիսիք են Азадлыг-ը և Мейдан ТВ-ին, արգելափակված են»։ Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հերքում են, որ ճնշում են ազատ մամուլը:
Ե՛վ տարիների ընթացքում երկրի վարկանիշի փոփոխությունները, և՛ ականատեսները վկայում են, որ ԶԼՄ-ների վիճակն Ադրբեջանում աստիճանաբար վատթարացել է հենց Իլհամ Ալիևի՝ 20 տարի առաջ իշխանության գալուց հետո, գրում է BBC-ն։
«Եթե նայեք երկրի առաջատար լրատվամիջոցների վերնագրերին, ապա թվում է, թե Ադրբեջանում գրեթե այլ թեմաներ չկան, բացի Ալիևից և Լեռնային Ղարաբաղից»,- գրել է հոդվածագիրը։
AbzasMedia-ի տարածած աուդիոձայնագրության մեջ հրատարակության տնօրեն Ուլվի Հասանլին ասում է, որ իրեն ծեծելուց հետո ոստիկանությունը հարցրել է. «Ինչո՞ւ չեք գրում Ղարաբաղի մասին։ Ինչո՞ւ եք կոռուպցիայի մասին գրում»: