Նոյեմբերի 21-ին գումարված, ապա նոյեմբերի 22 տեղափոխված ավագանու նիստում ավագանու որոշմամբ Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով կներգրավվի աուդիտորական ծառայություն: Ընտրությունը կլինի մրցութային կարգով: Նշենք, որ սա «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջ է:
Պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում համայնքի բյուջեն կավելացվի 620 մլն 620 հազար դրամով, որը կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը, մասնավորապես 32 գնացքի անվազույգերի և 4200 մետր ռելսերի ձեռքբերմանը:
Եվս 93 մլն 141 հազար դրամ կտրամադրվի հանրակրթական ծրագրերի իրականացմանը:
***
Կառավարության որոշմամբ համայնքի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացել են 1 մլն 200 հազար դրամով: Միջոցները կուղղվեն ամառային զորակոչի շրջանակում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 8 աշխատակիցների փոխհատուցմանը:
Ավագանու նույն որոշմամբ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման համար կտրամադրվի 71 մլն 422 hազար դրամ:
Նախագծով նախատեսվում է նաև 33 մլն 21 հազար դրամի չափով եկամուտների ավելացում համայնքային 3 թանգարանների մուտքի համար տեղական վճարներում, ինչը պայմանավորված է կանխատեսվող ցուցանիշներից ավելի գանձմամբ։
***
Երևանի ավագանին անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն է սահմանվել 20 քաղաքացիների համար, որոնք համապատասխանում են ավագանու դեռևս 2022 թ. դեկտեմբերին սահմանված խմբերի չափանիշներին՝
1. Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ.
2. Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ.
3. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք:
***
Նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Երևանի քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:
Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի դեկտեմբերի 26-ին: