Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է.
«Սրտանց ողջունում եմ Ձեզ և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը Հայաստանի հյուրընկալ հողում:
Ձեր այցն արտացոլում է մեր երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը, որի հիմքում ընկած է հայ և իրաքցի ժողովուրդների՝ հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ համակրանքն ու բարիդրացիական համակեցությունը: Վստահ եմ, որ Նախագահի պաշտոնում Ձեր առաջին այցը որպես պատմական իրադարձություն նոր էջ կբացի հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններում:
Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորում եմ մեր երկրների միջև քաղաքական շփումների առկա բարձր մակարդակի պահպանման, բարձրաստիճան փոխայցելությունների շարունակականությունը:
Հայաստանը և Իրաքն իրենց հազարամյա պատմության ընթացքում մշտապես կապված են եղել բազմաթիվ քաղաքակրթական, մշակութային, առևտրային և այլ կապերով: Դարեր շարունակ մեր ժողովուրդների բազմաշերտ շփումներն ու փոխգործակցությունը հարստացրել են ինչպես մեկը մյուսի մշակույթն, այնպես էլ իրենց անգնահատելի ներդրումն ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ:
Այսօր մեր երկու պետությունների հարաբերությունների հիմքերն ամուր են հենց այն պատճառով, որ խարսխված են հաստատուն պատմական հիմքերի վրա:
Իրաքը, լինելով աշխարհագրական առումով Հայաստանին ամենամոտ արաբական երկիրը, մեզ համար Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում ամենակարևոր և վստահելի գործընկերներից մեկն է: Իրաքի հետ մեր բարեկամական հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունն օրինակ են ծառայում նաև այլ արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունները կառուցելու գործում:
Երախտապարտ ենք իրաքցի բարեկամ ժողովրդին Օսմանյան կայսրության կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին ապաստան տալու և ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար:
Հայ-իրաքյան հարաբերությունների համատեքստում առանձնահատուկ դեր է խաղում Իրաքի հայ համայնքը՝ որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ։ Տարբեր ժամանակաշրջաններում Իրաքում հաստատված հայերն իրենց ուրույն ներդրումն են ունեցել Իրաքի կայացման և զարգացման գործում, ինչպես նաև իրաքցի ժողովրդի հետ կիսել են վրա հասած դժվարությունների բեռը:
Հպարտությամբ եմ արձանագրում, որ հայ-իրաքյան միջպետական հարաբերությունները կայուն բնույթ են կրում։ Վերջին տարիներին Հայաստանն ու Իրաքը կարողացան ստեղծել համագործակցության լայն դաշտ։ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր առևտրային գործընկերը, զբոսաշրջիկների և գործարարների փոխադարձ այցելությունների ծավալներն օրեցօր աճում են: Ես հակված եմ տեսնելու, որ այն խորացնելու դեռևս մեծ ներուժ է առկա և վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ամրապնդել և ընդլայնել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։
Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ իմ թանկագին բարեկամ, մեծարգո պարոն Նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի, ի պատիվ բարեկամ Իրաքի բարօրության և առաջընթացի, և ի փառս երկու ժողովուրդների ու պետությունների միջև խաղաղ ապագայի և հարատև ու ազնիվ բարեկամության»։
Պաշտոնական ճաշի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ոլորտների բացահայտման ուղղություններն ու հնարավորությունները: