Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի աշակերտներին։
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Անահիտ Մանասյանը դպրոցականներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, իրավասությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, խոսել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ անդրադարձել է որակյալ կրթության կարևորությանը:
Երեխաներին ներկայացվել են Պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը։
«Կրթությունն ինձ համար ունի առանձնահատուկ նշանակություն: Վստահ եմ, որ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է կրթվի ու կատարելագործվի։ Ավելին, կան բաներ, որ մեզ դպրոցներում և համալսարաններում չեն սովորեցնում։ Շատ արժեքներ ձեռք ենք բերում ճիշտ միջավայրի և շփման մշակույթի միջոցով»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, այն կրել է հարցուպատասխանի ձևաչափ: Աշակերտները բարձրաձայնել են նաև իրենց հուզող հարցերը:
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին հետաքրքիր զրույցի համար, ինչպես նաև նշել է, որ Պաշտպանի աշխատակազմի դռները նրանց առջև միշտ բաց են: