Առաջին հերթին ուզում եմ շեշտել, որ բռնությունը իր բոլոր դրսևորումներով մեզ համար մերժելի է ու անընդունելի և՛ ավագանու նիստերի դահլիճում, և՛ դահլիճից դուրս. լինի ֆիզիկական բռնություն, լինի խոսքով. դա ուղղակի անընդունելի է, և համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի բռնությունը որևէ իր դրսևորմամբ այս դահլիճում տեղ չունենա:
Այս մասին երեկվա միջադեպերի պատճառով այսօր տեղափոխված ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ըստ մեր կանոնակարգի՝ մեր քննարկվող հարցերը, տրվող հարցերը, հնչող ելույթները պետք է վերաբերեն այն հարցերին, որոնք կան օրակարգում: Կխնդրեմ բոլորին այս ընդհանուր կանոնները պահպանել:
Ուզում եմ հատուկ շեշտել, որ այդ տեսակ՝ երեկվա նման տեղի ունեցած իրադարձությունները կանխելու համար անձամբ չեմ նայելու՝ մեր խմբակցությա՞ն ավագանին է, թե՞ ընդդիմադիր խմբակցության, բոլորին հավասարաչափ ու հավասար վերաբերմունք է լինելու, և, հետևապես, ուզում եմ իմ լիազորությունների շրջանակում երեք զգուշացում տալ տիկին Սոնա Աղեկյանին, տիկին Նաիրա Հայրապետյանին և տիկին Անի Խաչատրյանին»,- ասաց Ավինյանը:
Քաղաքապետը նաև խնդրեց ավագանու անդամներին գնահատել այն հետևանքները, որ խոսքը կարող է ունենալ, որովհետև խոսքը եթե պարունակում է բռնություն, ինչ-որ փուլում վերածվում է ֆիզիկական բռնության. «Ուզում եմ հատուկ նաև նախազգուշացնել վարչական շրջանների ղեկավարներին, բոլոր նրանց, ովքեր մասնակցել են երեկ այդ հրմշտոցներին, և հատուկ ուզում եմ շեշտել, որ իրենց նույնպես հետագա որևէ նմանատիպ արարք չի ներվելու»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու երեկվա նիստն անցել է լարված մթնոլորտում, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ դիմել են դատարան՝ բողոքարկելով Երևանի քաղաքապետի երդմնակալության նիստի իրավազորությունը: Այնուհետև օրակարգի հարցերի վերաբերյալ կրքերը թեժացել են, հայտարարվել է ընդմիջում: