Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դիանա Քերոբյանը Երևանի ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց նախագիծ նախկինում ընդունած որոշման մեջ լրացում կատարելու մասին, որը հաստատվեց ավագանու կողմից: Նշված որոշումը վերաբերում էր հաստատված հետևյալ կարգավորումներին. չիրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացումը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը:
Քերոբյանը հիշեցրեց, որ այդ կարգավորումներով 11 կետով սահմանվում էր հետևյալը. բնակելի հասարակական նշանակության շենք-շինություններին հարակից բացօթյա հանրային վայրերում մշակութային գործունեություն կարելի է իրականացնել բնակելի հասարակական նշանակության շենք-շինություններից առնվազն 10 մետր հեռավորության վրա՝ ժամը 10:00-21:00-ի ժամանակահատվածում, իսկ 21:00-23:00-ը ժամանակահատվածում՝ բնակելի հասարակական նշանակության շենք-շինություններից առնվազն 100 մետր հեռավորության վրա: «Քանի որ նկարչությունը և արհեստագործությունը աղմուկ և անհանգստություն չեն պատճառում բնակիչներին, մենք առաջարկում ենք այդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Սահմանափակումը չի վերաբերում նկարչություն և արհեստագործություն իրականացնողներին»,- ասաց Դիանա Քերոբյանը:
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ, անդրադառնալով մայրաքաղաքում գեղագիտական խնդիրներին, նշեց, որ Երևանի քաղաքապետարանին անհրաժեշտ է գեղագիտական խորհուրդ ունենալ, որպեսզի հարցերը լուծեն ոչ թե ավագանու անդամները ըստ իրենց ճաշակի, կամ գործադիրում վարչությունում աշխատող ինչ-որ մեկը որոշի՝ ով ինչ պետք է երգի, այլ այդ խորհուրդը պետք է օժտված լինի շատ ավելի լայն գործունեության դաշտով: Մենք նաև դիզայնի խնդիր ունենք: Այսինքն՝ ընդհանուր գեղագիտությունը, ոչ միայն մշակույթը: «Հուսով եմ, որ այդ խորհուրդը կկայանա, այնտեղ կլինեն անվանի մասնագետներ, ում մենք կարող ենք վստահել»,- նշեց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խորհուրդն անպայմանորեն ձևավորվելու է, ինչպես ձևավորվել է քաղաքաշինական խորհուրդը: