Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածին:
«Սիրելի երևանցիներ,
Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում։ Փոխադարձ վիրավորանքները, անհանդուրժողականությունը պատիվ չի բերում ավագանու անդամի կարգավիճակին։
Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ վեճն առաջացավ ընդդիմադիր ավագանու որոշ անդամների անհավասարակշիռ վարքագծի և սադրանքի արդյունքում, ինչը ևս դատապարտելի է։ Ցավում եմ, որ տուրք տվեցինք այդ սադրանքին, ինչի համար էլ ներողություն եմ խնդրում երևանցիներից։
Ուզում եմ հատուկ նշել, որ երևանցու շահը մեզ համար առաջնային է, ուստի թույլ չենք տալու, որ որևէ ուժ փորձի խաթարել Երևանի ավագանու և քաղաքապետարանի բնականոն աշխատանքը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստն անցել է լարված մթնոլորտում, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ դիմել են դատարան՝ բողոքարկելով Երևանի քաղաքապետի երդմնակալության նիստի իրավազորությունը: Այնուհետև օրակարգի հարցերի վերաբերյալ կրքերը թեժացել են, հայտարարվել է ընդմիջում: Նիստը կշարունակվի վաղը: