Կառավարության նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է հրավիրվել նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Սահմանդրության 99-րդ և ԱԺ կանոնակարգ օրենքի 35-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ հերթական նստաշրջանը գումարվում է տարեկան երկու անգամ, ԱԺ հերթական նստաշրջանը կավարտվի դեկտեմբերի 21-ին, իսկ մինչ նստաշրջանի ավարտը գումարվելու է ընդամենը մեկ նիստ՝ դեկտեմբերի 5-ին:
Հաշվի առնելով նախագծերի քննարկման և ընդունման հրատապությունը՝ առաջարկվում է մինչև դեկտեմբերի 5-ի հերթական նիստը գումարել մեկ արտահերթ նիստ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքի նախագծի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հրատապությունը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի վերջին ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Այս մասին խորհրդարանում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Առաջարկվում է, բացառությամբ «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի, մյուս օրենսդրական նախաձեռնությունները քննարկել 24-ժամյա ընթացակարգով, իսկ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի համար սահմանել այլ ընթացակարգ, միաժամանակ նախատեսվում է յուրաքանչյուր օրվա համար գումարել 4 նիստ: