Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Մեթյու Միլլերը միաժամանակ ողջունել է կարգավորմանն ուղղված այլ երկրների ջանքերը, նշել, որ շարունակում են ներգրավել երկու երկրի ղեկավարությանը և աջակցում արժանապատիվ ու տևական խաղաղության հաստատմանը:
Նրա խոսքով՝ այս գործընթացում բոլորի իրավունքները պետք է հարգվեն։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ քննարկումներ անցկացնեն և լուծեն առկա խնդիրները, հասնեն երկարաժամկետ համաձայնության:
Հարցին՝ ինչ հանդիպում պետք է տեղի ունենար հայկական և ադրբեջանական կողմերի միջև երեկ Վաշինգտոնում, որից Բաքուն օրերս հրաժարվել է, Միլլերն ասել է. «Չեմ պատրաստվում անդրադառնալ այդ հարցին»:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից՝ պնդելով, թե վաշինգտոնյան ձևաչափն այլևս անընդունելի է Բաքվի համար:
Ադրբեջանական կողմը մեղադրել է ԱՄՆ-ին կողմնակալ մոտեցման համար: