Մենք ՀԱՊԿ-ից ակնկալել ենք, որ անհրաժեշտ է արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը, և, ցավոք սրտի, այդ տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզը իր սահմաններով չի արձանագրվել, և դա է խնդիրը, ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքների մեջ հարցերը այդտեղից են առաջացել, և դրա մասին բաց խոսվել է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Արձագանքելով այն հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանը հրաժարվի ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից՝ Արշակյանն ասաց. «Հայաստանի օրակարգում նման հարց չի քննարկվել: Ես ասացի՝ մարտահրավերը որն է, հարցերը որտեղից են առաջացել. այդ հարցերն անհրաժեշտություն ունեն, որ հասցեագրվեն: Իմ տեսանկյունից՝ չեն հասցեագրվել»:
Իսկ Արևմուտքն արդյոք առաջարկո՞ւմ է անվտանգային այլընտրանք ՀԱՊԿ-ին: Այս հարցին ի պատասխան՝ Արշակյանն ասաց. «Անվտանգային համակարգը միայն պայմանագրեր չեն. դրանք սպառազինություն են, դրանք զինվորներ են, դրանք իրավական միջազգային պայմանագրեր են»:
ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից առնվազն այլընտրանքներ կան, և դրանք Հայաստանն օգտագործում է: «Սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից ակնհայտորեն հայկական բանակն ունի տարբեր մատակարարներ, ինչն այդպես չէր»,- ասաց Հակոբ Արշակյանը: