Նոյեմբերի 21-ին Երևանում մեկնարկել են երկօրյա hայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունները, որոնց համանախագահներն են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Անենը։ Այդ մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Իր ողջույնի խոսքում նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարության օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության խթանման անհրաժեշտությունը, և ԵՄ երկրների մեջ Հայաստանի ամենամեծ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը Գերմանիայի հետ է։
«Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները տարեցտարի զարգանում են և ընդլայնվում։ Այսպես՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 500 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36․9 տոկոսով»,- նշել է Վահան Քերոբյանը։
Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են կայուն տնտեսական զարգացմանը, կլիմայական փոփոխություններին, վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետությանը, մասնավոր հատվածի և ֆինանսական հատվածների զարգացմանը, տեխնիկական և մասնագիտական կրթությանն ու ուսուցմանը, լավ կառավարմանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: