Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանն օրերս հյուրընկալել է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Այդ մասին տեղեկացնում են կոմիտեից:
Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 2027 թվականին Հայաստանում հյուրընկալելու դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ հաստատված ժամանակացույցի շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքները ձևավորելու և նման մասշտաբային միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով։
Մասնավորապես՝ ներկայացվել է խաղերի մասնակից երկրների պատվիրակություններին հյուրընկալելու համար Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը: Նախնական տարբերակով ավանը կընդգրկի շուրջ 12 հա մակերես՝ ներառելով հասարակական և բնակելի կառույցներ՝ ննջարանային ֆոնդով, ճաշարանով, մարզահրապարակներով, առողջապահական հատվածով և այլ ենթակառուցվածքներով:
Դիտարկվել են առաջարկվող տարբերակի ճարտարապետահատակագծային լուծումները և մանրամասն նկարագիրը:
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տեխնիկական գնահատման առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել ներկայացվող առաջարկությունները՝ նշելով, որ առկա են միջոցառումը կազմակերպելու բոլոր նախադրյալները։ Միաժամանակ Զեյնա Մինան առաջարկություններ է ներկայացրել ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտ պայմանների վերաբերյալ։
Կողմերն ընդգծել են Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը։