Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կարող է գործարք կնքվել: Դրա շրջանակում կրակը 4 օրով կդադարեցվի՝ հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Ակնկալվում է, որ սկզբնական շրջանում 50 գերի ազատ կարձակվի:
ՀԱՄԱՍ-ն ակնկալում է, որ ի պատասխան՝ Իսրայելի բանտերից կազատվեն տասնյակ պաղեստինցիներ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ավելի շատ պատանդների բաց թողնել, սակայն շարժումը երկարաժամկետ հրադադար է պահանջում այն գերիներին գտնելու համար, որոնց տեղը դեռ հայտնի չէ: Կատարն էլ հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի շուրջ բանակցությունները վերջնականացվում են, համապատասխան հայտարարությունը կհրապարակվի, երբ ճիշտ ժամանակը գա: Չնայած հնարավոր գործարքին՝ ՑԱՀԱԼ-ը զգուշացրել է՝ կշարունակեն և կընդլայնեն գործողությունը նույնիսկ պատանդների ազատ արձակումից հետո:
Մինչ այդ կողմերը հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Արաբական ԶԼՄ-ների տվյալով՝ երեկ Թել Ավիվը հոկտեմբերի 7-ից ի վեր ամենազանգվածային հրթիռակոծությանն է ենթարկվել, ՀԱՄԱՍ-ի թիրախում են հայտնվել Իսրայելի կենտրոնական մի շարք այլ բնակավայրեր: «Իզեդդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորումը հայտարարել է, որ Իսրայելի տարածքի հրթիռակոծությունը Գազայի հատվածում խաղաղ բնակչության սպանության պատասխանն է: Լրատվամիջոցները նաև գրում են, որ Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գազայի հյուսիսի վերջին բուժհաստատության նկատմամբ։ Նշվում է, որ այժմ Ինդոնեզական հիվանդանոցում հարյուրավոր բուժառուներ, բուժաշխատողներ և փախստականներ կան:
Լարված է իրավիճակը նաև Իսրայել-Լիբանան սահմանին, ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Լիբանանի տարածքում կան զոհեր, այդ թվում՝ լրագրողներ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: