Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԵԽ գրասենյակի` Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Աննա Վարդապետյանը ողջունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհակալություն հայտնել Դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է փոխգործակցության շարունակականությունը և ընդգծել, որ 2024 թվականին նախատեսվում է նման ձևաչափով երկրորդ խորհրդաժողովի անցկացումը:
Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին համատեղ ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար և բարձր գնահատել Դատախազության արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը:
Ամփոփելով հանդիպումը՝ Աննա Վարդապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Հայաստանում առաքելությունն ավարտող Մարտինա Շմիդտին կատարած աշխատանքի համար և Շմիդտին մաղթել ամենայն բարիք ու հաջողություն՝ աշխատանքային հետագա գործունեության ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ: