2023 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով վերջիններիս կողմից ձերբակալվել և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացվել Ա. Ս.-ն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու աշխատակիցներ 2023 թվականի նոյեմբերի 20-ին Նուբարաշենի խճուղում ծառայություն իրականացնելիս տեխնիկական զննության ժամկետն անցած լինելու պատճառով կանգնեցրել են Ա. Հ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Այդ ընթացքում նկատելով, որ ավտոմեքենայում գտնվող ուղևորը՝ Ա. Ս.-ն, գրպանից հանել և նետել է կաթուցիչով թմրամիջոցը, պարեկային ծառայողները կանչել են իրենց երկու այլ ծառայակիցներին: Ա. Ս.-ն դեպքի վայր ժամանած պարեկային ծառայողներից մեկին առաջարկել է առանձին զրուցել, որի ընթացքում վերջիններիս և դեպքի վայրում գտնվող մյուս պարեկային ծառայողների կողմից իր օգտին ապօրինի անգործության, այն է՝ ենթադրյալ հանցանք կատարելու փաստը չարձանագրելու ու դեպքի վայրից բաց թողնելու համար առաջարկել է 20 000-ական ՀՀ դրամ կաշառք յուրաքանչյուրին:
Ա. Ս.-ն ձերբակալվել է ապօրինի թմրամիջոց պահելու, ինչպես նաև վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց պարեկային ծառայության 4 աշխատակիցներին ընդհանուր 80 000 ՀՀ դրամ կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: