Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Փոփոխություններով առաջարկում ենք Ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանել՝ փակ շրջանառու համակարգը, նաև 2022 թվականի փոփոխությունների մեջ լրացում անել՝ սահմանել լիազորող նորմ, որով մենք ենթաօրենսդրական ակտով կսահմանենք փակ շրջանառու համակարգ հասկացությունը»,- ելույթում նշեց հիմնական զեկուցող, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նախարարին՝ հետաքրքրվելով՝ կա՞ արդյոք հասկացության մասին սահմանված ստանդարտ ու տեխնիկական նկարագիր, հարցը քննարկվե՞լ է ձկնաբուծական տնտեսությունների հետ:
Նախարարի խոսքով՝ ՇՄ նախարարության տեսանկյունից՝ իրենք փորձում են կառավարել ջրային ոլորտի ռիսկերը:
«Մենք այնպիսի կարգավորում չենք ուզում սահմանել, որով տնտեսվարողներին կդնենք վատ կամ անելանելի վիճակում»,- նշեց Սիմիդյանը՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացվի, թե ինչ է «փակ շրջանառու համակարգը»:
Հակոբ Սիմիդյանը հույս հայտնեց՝ օրենքի ընդունումը հնարավորություն կտա բացելու քննարկումների դուռը:
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծման հետ կապված խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է նոր՝ «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացություն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է վարչական պատասխանատվություն ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար:
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է իրավական հիմք՝ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգի սահմանման համար:
Վերոնշյալ նախագծերի ընդունմամբ կկանխվի Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծումը, ինչպես նաև նախագծերի ընդունումը կնպաստի փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների կարգավորմանը և «փակ շրջանառու համակարգ» հասկացության հստակեցմանը: