Անցյալ տարի տոնական ձևավորման աշխատանքների հետ կապված մտահոգությունների հնչեցին, որ վնասվել էին պատմական արժեք ներկայացնող շենքեր և այս տարի քաղաքապետարանը հայտարարեց, որ նորից աշխատելու են նույն կազմակերպության հետ:
«Ոչ մի արձանագրում, որ նախորդ տարի կազմակերպությունը ոչ պատշաճ է կատարել իր աշխատանքները, չի կատարել: Ընդհակառակը՝ ոնց որ նախորդ տարի նախատեսվել է պայմանագրով, որ շենքերի միջամտության (որն անհրաժեշտ է աշխատանքի իրականացման համար) հետևանքները պետք է վերացվեն, պատասխանատվությամբ ասում եմ, որ վերացվել են: Անցած տարի աշխատանքային խումբ էր ստեղծել, և անձամբ ես եմ հավաստվել, որ բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվել են, առնվազն իմ գնահատմամբ, և հակառակն ապացուցող որևէ փաստ այսքան ժամանակ ոչ ոք չի կարողացել ներկայացնել»,- ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ անցյալ տարի խնդիրը եղել է ժամկետը: «Հաշվի առնելով այն ժամանակը նախագծի իրականացման, որն ավելի շատ է, քան անցած տարի, մենք նախատեսել ենք թվով ավելի քիչ միջամտություն, մասնավորապես, մետաղական կոնստրուկցիայի կիրառման միջոցով, որոնց վրա սարքավորումները կամրացնեն, ինչը ենթադրում է ավելի քիչ միջամտություն, ավելի քիչ անցքեր, որոնք անցած տարի փակվել են և այս տարի ևս նախագծի իրականացումից հետո կփակվեն»,- ասաց փոխքաղաքապետը:
Սուրեն Գրիգորյանն ասաց, որ հարցը քննարկվել է ԿԳՄՍՆ-ին կից գործող գիտամեթոդական խորհրդում, որտեղ հարց է տրվել, թե արդյոք ավելի նվազ միջամտություն ենթադրող մեթոդ կարո՞ղ է առաջարկվել, թե՞ ոչ՝ մասնագետ ճարտարապետների կողմից, և այդպիսի մեթոդ չի առաջարկվել: «Թող քաղաքացիներն իրենք գնահատեն, թե արդյոք արժե՞ միջամտությունն այն արդյունքին, որը մենք ստանում ենք»,- նշեց փոխքաղաքապետը: