Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է՝ ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը` հիմնված օրենքի գերակայության վրա»,- նշել է Ֆուկուսիմա Մասանորին:
«Գնահատելի է ձեր անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է նախարարը:
Երկկողմ գործակցության վերջին ձեռքբերումներից են`
-
Նորագույն, ճշգրիտ ախտորոշման բժշկական սարքավորումների նվիրաբերում Երևանի և մարզերի առողջապահական հաստատություններին.
-
վերջին սերնդի սարքավորումներով համալրված շտապօգնության 39 մեքենայի նվիրաբերում.
-
պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի բացում Վանաձորի բժշկական կենտրոնում:
Առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը և ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարմանը: