ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ին` ժամը 1:18-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Պուշկինի փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել։
«Նույն օրը` ժամը 1:39-ին և 1:43-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մի քանի քաղաքացի ծեծի են ենթարկում մի քաղաքացու:
Նշված վայրեր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզել են, որ Պուշկինի փողոցի 43 հասցեի մոտ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև ծագել է վիճաբանություն: Նրանք, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև այդ ամենը շարունակել են Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Ուելսի՝ 15 և Նոր Գվինեայի՝ 1 քաղաքացի։ Եվս 16 անձ ոգելից խմիչքի ազդեցության տակ հասարակական վայրում երևալու հիմքով ձերբակալվել, տարվել են բաժին, այնուհետև ազատ են արձակվել։
Կազմված փաստաթղթերը և 16 անձ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշենք նաև, որ միջադեպի մասնակիցները տեղի ունեցածի մասին լրատվամիջոցներով տարածում են տեղեկություններ, որոնց զգալի մասը չի համապատասխանում իրականությանը։
Կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։