Ստամբուլում լույս տեսնող հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին նոր մեղադրանք է առաջադրվել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սամասթը մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպության անդամ չհանդիսանալով այդ կազմակերպության համար հանցագործություն կատարելու մեջ և կարող է դատապարտվել մինչև 12 տարվա ազատազրկման: Պոլսահայ մտավորականին սպանելու համար 23 տարվա ազատազրկման դատապարտված Սամասթը նոյեմբերի 15-ին էր ազատ արձակվել՝ 16 տարի 10 ամիս բանտում անցկացնելուց հետո:
Վաղաժամ պայմանական ազատ արձակման պատճառը, ըստ թուրքական աղբյուրների՝ բանտում Սամասթի ցուցաբերած լավ պահվածքն էր: Նրա ազատ արձակումից վրդովված «Հրանտի ընկերներ» նախաձեռնության կոչով հարյուրավոր մարդիկ հավաքվել էին «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրատան դիմաց, որտեղ 2007-ին սպանվել էր հայազգի լրագրողը: Ստամբուլից Վարդուհի Բալյանն է մանրամասնում: