ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը և մոնիթորինգին» տեխնիկական աջակցության ծրագրի թիմի անդամներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցի համար և ընդգծել արդարադատության ոլորտում ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերի ինստիտուցիոնալ և ռազմավարական նշանակությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման և շարունակականության ապահովման հարցում։
Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով 2019-2023թթ. Արդադարադատության նախարարության կողմից իրականացման ենթակա գործողությունների առաջընթացը՝ ընդգծելով, որ նախատեսված 16 միջոցառումից 15-ը կատարված է, իսկ մեկ միջոցառում գտնվում է իրականացման փուլում։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն, դատաիրավական, թվայնացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում իրականացվող շարունակական բարեփոխումներին ու նախատեսվող միջոցառումներին, որոնք ԵՄ-ի համար կարող են հիմք հանդիսանալ ՀԸԳՀ շարունակական զարգացման համար։
Անդրադարձ է կատարվել նաև ՀԸԳՀ-ի արդյունավետ կիրառման ապահովման հարցում Արդարադատության նախարարության գործիքակազմին, ինչպես նաև 2023թ. սեպտեմբերին իրականացված օրենսդրական փոփոխություններին, որոնցով նախատեսված հատուկ ընթացակարգերի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա փորձաքննել ՀԸԳՀ-ով նախատեսված գործողությունների շրջանակներում մշակված իրավական ակտերի նախագծերի համապատասխանությունը ԵՄ դիրեկտիվներով նախատեսված չափանիշներին։
Այս համատեքստում Կարեն Կարապետյանը նախանշել է Ծրագրով Արդարադատության նախարարության ակնկալվող աջակցության շրջանակը և կարևորել ԵՄ օժանդակությունը նախարարության անձնակազմի կարողությունների զարգացման հարցում։
Քառամյա ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ պետական մարմիններին 2019թ. հունիսի 1-ին հաստատված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրառման ճանապարհային քարտեզի իրականացման հարցում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու քննարկումները՝ ուղղված ՀԸԳՀ-ի արդյունավետ կիրառմանը։