Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի մանդատի կարևորությունը և ընդգծել, որ համակարծիք է նրա՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ ֆորումի ժամանակ արված հայտարարությանը, ըստ որի՝ պատերազմական հանցագործների հերոսացումը չի կարող համատեղվել ժողովրդավարական արժեքների հետ: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է պատերազմական հանցագործություններին պատշաճ անդրադառնալու, համարժեք գնահատական տալու և դրանց կանխարգելմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Հանրապետության գլխավոր դատախազը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին է ներկայացրել ՀՀ դատախազության լիազորությունների էվոլյուցիան, Դատախազության գործիքակազմը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, պետական (համայնքային) շահերի պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, խոշտանգումների կանխարգելմանն ու դրանց դեմ քրեաիրավական պայքարին և այլն:
Դատախազության լիազորությունների համատեքստում քննարկվել են նաև Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում հայեցակարգային փոփոխությունները, որոնց արդյունքում քրեական արդարադատությունը դարձել է ավելի տուժողակենտրոն: