Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման և նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման և վերահսկողության միջոցների սահմանման անհրաժեշտությունից: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զբոսաշրջության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարկ է նշել, որ նախագծերի փաթեթի քննարկումը մեկ անգամ հետաձգվել էր` երկամսյա ժամկետով: Այդ ընթացքում տեղի են ունեցել մի շարք աշխատանքային քննարկումներ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ բոլոր կետերի շուրջ հանգել են համաձայնության:
Ըստ հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` զբոսաշրջության ոլորտում քաղաքականություն մշակող մարմինը չունի ծառայություն մատուցող սուբյեկտների նկատմամբ վերահսկողական լծակներ: Հստակ մեխանիզմների բացակայության արդյունքում շատ հաճախ խախտվում են ինչպես սպառողների իրավունքները, այնպես էլ խաթարվում են գործարար հարաբերությունները մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև, ինչի հետևանքով վերջիններս կրում են նյութական վնասներ: Այս ամենն իր բացասական հետևանքներն է թողնում Հայաստանի` որպես գրավիչ զբոսաշրջավայրի նկարագրի վրա:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջային ծառայությունների որակի ապահովման լավագույն տարբերակը ծառայություն մատուցող անձանց գործունեության կարգավորումն է:
Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով նախատեսվել է զբոսաշրջային օպերատորների, գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա գործունեության տեսակ: Սահմանվում են հստակ չափորոշիչներ ու պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար: Հստակեցվել են զբոսաշրջության բնագավառում կիրառվող հասկացությունները և սահմանվել են նոր հասկացություններ: Ճշգրիտ վիճակագրության վարման, որակյալ հետազոտությունների և վերլուծությունների իրականացման և պետական քաղաքականության մշակման ու իրականացման նպատակով նախատեսվել են դրույթներ` էլեկտրոնային գրանցամատյանի և զբոսաշրջային ռեսուրսների ներդրման և գրանցամատյանի վարման վերաբերյալ:
Նախատեսվել են նաև զբոսավարների և ուղեկցորդների վերապատրաստում ու որակավորում, պահանջներ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների նկատմամբ, իսկ զբոսաշրջային ավտոբուսների համար` կամավոր որակավորման հնարավորություն: Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման և վերացման նպատակով նախատեսվել են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությանը և խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցների հստակեցմանը վերաբերող դրույթներ:
Ընդունումը նշանակալի ներդրում կունենա Հայաստանում տնտեսական զարգացման զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միջև արդար մրցակցության և իրավահավասարության, անվտանգ և ապահով:
«2023 թվականի տասն ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 2 միլիոնից ավելի զբոսաշրջիկ: Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի շուրջ 2,4 միլիոն: Այն մոտավորապես 25 տոկոսից ավելի արձանագրվող արդյունք է համեմատած 2019 թվականի` մեր լավագույն զբոսաշրջության տարվա հետ»,- տեղեկացրել է Վահան Քերոբյանը:
«Աննախադեպ ծավալի է հասել Հայաստանում զբոսաշրջությունը և այս կարևոր ոլորտն անթույլատրելի է թողնել առանց վերահսկողության»,- ասել է հարակից զեկուցող, պատգամավոր Դավիթ Առուշանյանը` հավելելով, որ նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել ոլորտի տարբեր ասոցիացիաների, ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով զբոսաշրջության որոշ բաղադրիչների` Դավիթ Առուշանյանը նշել է. «Զբոսաշրջությունը ներառում է նաև արտաքին քաղաքականության լուրջ բաղադրիչ, որովհետև յուրաքանչյուր օտարերկրացի, գալով Հայաստան, լավ սպասարկման, երկրի ճիշտ ներկայացման պարագայում կարող է դառնալ մեր դեսպանն իր երկրում»:
Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հետաքրքրվել է Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ երկիր, միջազգային հարթակներում ներկայացվելու համար ո՞ր կառույցն է պատասխանատու և ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: Բաբկեն Թունյանի դիտարկմամբ ճանաչելիությանը նպաստող կարող են լինել ոչ միայն գովազդային հոլովակները կոնկրետ զբոսաշրջային թեմաներով, այլ կարող է լինել տարբեր միջոցառումների ներկայացումը: Նրա խոսքով Հայաստանում դեկտեմբերի 1-2-ը նախատեսվել են Գիտության և գործարարության օրեր. հրավիրվել են աշխարհահռչակ գիտնականներ: Բաբկեն Թունյանը նշել է, որ նման միջոցառումները նույնպես կնպաստեն երկրի ճանաչելիությանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խնդրանքով Վահան Քերոբյանն անդրադարձել է վերահսկողության գործառույթներին և իրավակարգավորումներին, տուգանքներին, ինչպես նաև Ջերմուկ քաղաքում զբոսաշրջային միջավայրի ակտիվացմանն ուղղված քայլերին, անվտանգությանը:
Ծովինար Վարդանյանը, անդրադառնալով մի շարք դրույթների, մասնավորապես, խոսել է օրենսդրական փաթեթում կիրառվող «սփյուռքահայ զբոսաշրջիկ» ձևակերպմանը` շեշտելով, որ այն «նեղացնում է ընդհանուր շրջանակը` ստեղծելով թիրախային խումբ»: Նա առաջարկել է հանել նշված դրույթն ու ձևակերպումը: «Կարծում եմ` «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքում չպետք է լինի նման տարանջատում Հայաստանի քաղաքացիների և երկքաղաքացիություն ունեցող հայերի միջև»,- ընդգծել է Ծովինար Վարդանյանը:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը, ի պատասխան Ծովինար Վարդանյանի ներկայացրած առաջարկություններին և դիտարկումներին, նշել է, որ դրանք մեծամասամբ ընդունելի են: Նրա խոսքով «սփյուռքահայ զբոսաշրջիկ» ձևակերպմանը վերաբերող հանձնաժողովի անդամի առաջարկությունը կրկին կդիտարկվի:
Զարուհի Բաթոյանը, կարևորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, տեղեկացրել է, որ դեռևս մշակման փուլում աշխատել է Էկոնոմիկայի նախարարության հետ, և որոշ առաջարկներ ընդունվել են այդ փուլում: «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը չի պատկերացնում զբոսաշրջության զարգացումն առանց ներառականության ապահովման: Դա վերաբերում է զբոսաշրջային բոլոր ծառայություններին: 5 առաջարկներից 3-ն ընդունվել են:
Առաջարկություններիցս թերևս ամենակարևորը չի ընդունվել, որը վերաբերում է բոլոր հյուրանոցների և առողջարանների մատչելիության չափորոշիչների ապահովմանը: Հեղինակները նախընտրել են միայն նոր կառուցվող հյուրանոցների և առողջարանների դեպքում պահել այդ կետը: Սակայն պայմանավորվել ենք, որ այս հարցին կանդրադառնանք Կառավարության կողմից քննարկվող և մշակվող մեկ այլ ծրագրի շրջանակում, որն ուղղված է արդեն կառուցված հասարակական, արտադրական շենք-շինությունները մատչելի դարձնելուն»,- ասել է Զարուհի Բաթոյանը:
Բաբկեն Թունյանի խոսքով՝ ի թիվս մի շարք այլ առաջարկների, Զարուհի Բաթոյանի այն առաջարկությունները, որոնց առնչությամբ արդեն կա փոխհամաձայնություն, կներկայացվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: