Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, արդյունավետ մեխանիզմների մշակումը համապարփակ, երբեմն նաև՝ «ցավոտ» բարեփոխումների միջոցով: Այս մասին ասել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլին՝ ելույթ ունենալով «Կոռուպցիան որպես հիմնարար վտանգ աշխարհին և անվտանգությանը» թեմայով նիստի ընթացքում:
Նոյեմբերի 19-ին Երևանում իր աշխատանքն է շարունակել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նիստը վարել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի տեղակալ Իռեն Խարալամբիդեսը:
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիի խոսքով հասարակություններն արագորեն փոխվում են, և այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է և պետք է դառնա երկկողմանի կարևոր նպատակ: Զեկուցողը նշել է՝ հաստատություններում կոռուպցիայի դեպքերը միշտ բնութագրվում են հանրային ազնվության, վերահսկողության և անկախ դատական համակարգի բացակայությամբ: Կոնստանտին Վարձելաշվիլին նաև նկատել է՝ միջազգային կազմակերպությունների մակարդակով կոռուպցիան քննարկվում է, սակայն հազվադեպ է հայտնվում բարձր մակարդակի երկկողմ փոխանակումների օրակարգում:
ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին, այդ գործում արձանագրված հաջողություններին: Նրա խոսքով Հայաստանում մեծ հաջողություններ են գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիայի դեմ պայքարն ինստիտուցիոնալացվել է. ստեղծվել և գործում են մի շարք մարմիններ, որոնք պայքար են մղում լրջագույն չարիք կոռուպցիայի դեմ:
Համաշխարհային բանկի ծրագրի համակարգող, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձի գլխավոր ղեկավար Ալեքսանդրա Խաբերշոնն էլ նշել է, որ կոռուպցիան խաթարում է հիմնարկների կարողությունները հիմնական ծառայություններ մատուցելու, ցնցումներին արձագանքելու և անվտանգություն ապահովելու տեսանկյունից: Կոռուպցիան վնասում է նաև հաստատությունների նկատմամբ հանրության վստահությանը: Նրա խոսքով կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի խաղաղության և վերակառուցման ջանքերի հիմքում:
Հիմնական ելույթներից հետո ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն անդրադարձել են իրենց երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին, արձանագրված հաջողություններին: կոռուպցիան գնահատելով որպես չարիք ժողովրդավարությանը, պետական ինստիտուտներին, մարդկության զարգացմանը: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշում էին՝ կոռուպցիան վտանգավոր է, որը ոչ միայն տնտեսական տեսանկյունից է խոչընդոտում մարդկությանը, աղքատացնում նրանց, այլև այսօր սպառնալիք է աշխարհին: Ըստ որոշ բանախոսների՝ կոռուպցիան լրջագույն չարիք է, քանի որ մարդկության անվտանգության հետ կապված խնդիրները, հակամարտությունները հիմնականում ծագում են կոռուպցիայի հետևանքով:
Ելույթ ունեցող պատգամավորներից շատերի դիտարկմամբ էլ կոռուպցիայի դեմ պայքարը միայն հանցագործությունները բացահայտելը չէ, այն շատ ավելի ընդգրկուն է: Նշվել է՝ եթե ցանկանում ենք, որ կոռուպցիոն դեպքերը պակասեն, ապա անհրաժեշտ է շեշտը դնել մարդկանց կրթելու, նրանց իրազեկելու և մտածելակերպը փոխելու վրա՝ արդյունքում հասնելով այն հնարավորությանը, որ կոռուպցիան անհանդուրժելի լինի: Պատգամավորներն անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ անդամ երկրներում ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, իրականացնել բարեփոխումներ, ինչպես նաև միավորել միջազգային հանրության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում: