Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Ղեկավարները քննարկել են ապօրինի միգրացիայի, Ուկրաինայում պատերազմի, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր՝ հայտնում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ Էրդողանն ու Շոլցը համաձայնել են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները։ Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողություններին՝ կողմերը կենտրոնացել են հումանիտար հարցերի ուղղությամբ և մտավախություն հայտնել, որ տարածաշրջանում հակամարտությունը կարող է սրվել:
Շոլցն ընդգծել է Իսրայելի հետ Գերմանիայի համերաշխությունը: Ավելի վաղ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ կրկին սուր քննադատության էր ենթարկել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում:
Գերմանիայի և Թուրքիայի ղեկավարներն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Կողմերը համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը պետք է տեղի ունենա 2023 թվականի վերջին: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Թուրքիայի սահմանի հնարավոր բացմանը: