ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքի առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հարց. Տարածվեց տեղեկատվություն Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքի մասին, որը նաև լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Կանդրադառնա՞ք թեմային:
Պատասխան. Ինչպես նախկինում շեշտել ենք, ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած գործողություն։ Անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, և ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի։
Հիշեցնենք, նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները: ՀՀ ՔԿ-ից հայտնեցին` 2023 թ. նոյեմբերի 15-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, անհայտ անձը Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 23 հասցեում գտնվող շինության առաջին և երկրորդ հարկերի մուտքերի դռները հրկիզելու միջոցով պատճառել է գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2023 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվեց քրեական վարույթ: