Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում կառավարության 2022 և 2023 թթ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրեր են իրականացվում:
Այս պահին ավարտական փուլում է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող՝ Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը:
Ծրագիրը շատ կարևոր է այն առումով, որ այստեղ տարիներ շարունակ բնակիչների համար խմելու ջուրը խնդիր է եղել. որպես խմելու ջուր օգտվել են հորատանցքների (խորքային) ջրերից:
Այժմ կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորման արդյունքում Լեռնանիստը կունենա շուրջօրյա ջրամատակարարում:
Շահած ծրագրի արժեքը շուրջ 240 մլն դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 70% է, համայնքի ներդրումը՝ 30%:
Կառավարության մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Հրազդանում իրականացվում են Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բացօթյա բեմի և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքներ: Շահած ծրագրի արժեքը շուրջ 23 մլն դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորումը կազմում է 30%, համայնքի ներդրումը' 70%:
Աշխատանքներն ավարտական փուլում են:
Համայնքում 2023 թվականին հաստատվել են նաև 3 մանկապարտեզի շենքերի, ևս մեկ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի վերակառուցմանն ուղղված սուբվենցիոն ծրագիր, ինչպես նաև համայնքի և բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, Հրազդանում միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման, մայթերի և նոր եզրաքարերի տեղադրման, Զ.Անդրանիկ պողոտայում բետոնե բաժանարարի կառուցման ծրագրեր:
2022 թվականի սուբվենցիոն ծրագրով էլ Հրազդանում և բոլոր բնակավայրերում՝ Սոլակում, Քաղսիում, Լեռնանիստում, Ջրառատում կառուցվել են ժամանակակից կանգառասրահներ: