Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքմանը խոչընդոտող ոչինչ չկա։
«Մենք հավատում ենք, որ սա պատմական հնարավորություն է՝ վերջ դնելու երկու երկրների միջև հակադրությանն ու թշնամությանը և կայուն խաղաղություն ստեղծելու այն 5 սկզբունքների հիման վրա, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին»,- նշել է Հաջիևը։
Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, մինչդեռ դա տեղի չի ունեցել։ Նա ընդգծել է, թե ցանկացած խաղաղ գործընթաց պահանջում է երկու կողմերի մասնակցություն։
«Հայաստանը պետք է դրսևորի դրական և լավ մտադրություններ։ Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն երկու ամիս է, ինչ նրանք չեն արձագանքում»,- նշել է Հաջիևը։
Նա նաև մեղադրել է եվրոպական կառույցներին, որ երբեք արդար չեն գործել Ադրբեջանի հանդեպ: Հաջիևը հայտարարել է, որ Եվրամիության որոշ երկրներ, օրինակ՝ Ֆրանսիան, սկսել են Հայաստանի ռազմականացման ծրագիր: